Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Մոտեցող Ամանորի բերած շնչահեղձությունը

Մոտեցող Ամանորի բերած շնչահեղձությունը
22.12.2015 | 11:01

Մինչ եվրոպական ֆուտբոլային որոշ գերտերություններում միջսեզոնային արձակուրդները վրա հասան, մյուսներում դեռ չեն պատրաստվում «սրերը» պատյան դնելու և… միմյանց կոտորում են այնպիսի անհագ ծարավով, ասես աշխարհի վերջն է եկել: Հանդիպման արդյունքները, խոստովանենք, թե սպասված էին, թե ոչ: Վերջին կտրվածքով հատկապես առանձնանում է անգլիական պրեմիեր լիգան, որտեղ անհնար է որևէ բան կանխագուշակել:

ԱՆԳԼԻԱ
Տուրի թիվ մեկ հանդիպումը, իհարկե, «Արսենալ»-«Մանչեստր Սիթի» երեկ կայացած դիմակայությունն էր: Արդյունքի մասին, բնականաբար, ոչինչ չենք կարող ասել այս պահին, բայց որ մնացածներում անսպասելիի պակաս չկար, եկեք զուր չվիճենք ու առաջնորդվենք դրանցից առանցքայինների կողքին ոչ պակաս հետաքրքրականները նույնպես հիշելու ճանապարհով:
Առանց Մոուրինյոյի անցկացրած առաջին հանդիպումում ¥հեռացվել է պաշտոնից¤ «Չելսին» «Սանդրլենդի» հետ խաղում վաստակեց երեք միավոր՝ 3:1, ու դա նշանակվելիք նոր գլխավոր մարզչի՝ Գուս Հիդինգի ներկայությամբ, ով խաղին հետևում էր տրիբունայից: Հոլանդացի մասնագետին առաջարկվել է թիմը գլխավորել մինչև մրցաշրջանի ավարտը, որից հետո պարզ կդառնա հետոն, թեպետ հայտնի է, որ Ռոման Աբրամովիչը թիմի ղեկին տեսնում է «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին, ով, ոնց որ թե, երկար մնաց Մադրիդում: Ասվածը բնավ չի նշանակում, որ նա միակ թեկնածուն է, մանավանդ նման դեպքերում միշտ էլ պահեստային տարբերակներ լինում են: Մասնավորապես, թիմի ղեկին վերադառնալու շանս է պահպանում Ռոբերտո դի Մատեոն, դիտարկվում է նաև Կլաուդիո Ռանիերիի տարբերակը, ով, «Լեստերի» գլուխն անցած, տեսնում ենք, թե ինչ է անում: Այս անգամ, ի դեպ, նրա ղեկավարած ակումբի առաջ ծնկողը «Էվերտոնն» էր՝ 2:3, որը վերջին վեց տուրում չգիտեր պարտություն ասված բանը: Իհարկե, վաղաժամ է պրեմիեր լիգայում հասունացող սենսացիայից խոսելը, բայց որ «աղվեսներն» աջ ու ահյակ պարտության են մատնում մրցակիցներին, ակնհայտ է:
Շարունակում է ճգնաժամի զոհ մնալ «Մանչեստր Յունայթեդը»: Մանկունիացիները սեփական հարկի տակ զիջել են «Նորվիչին»՝ 1:2: «Չելսիի» օրինակով աչքիս այստեղ էլ շատ մոտ ապագայում գլխավոր մարզչի փոփոխություն է ուրվագծվում, որովհետև մանչեստրյան ակումբի ղեկավարությունը որքան էլ կոնսերվատիվ հայացքների տեր, այդուհանդերձ չի կարողանա անսահմանորեն կուլ տալ վանգալյան փորձարկումները:
Պարտությամբ ավարտեց տուրի հանդիպումը նաև «ՈՒոթֆորդին» հյուր գնացած «Լիվերպուլը»՝ 0:3, որի վերածննդի հետ կապված առանձնակի հույսեր են փայփայում թիմի գլուխ Յուրգեն Կլոպի գալով:
Տուրի արդյունքներով այս պահի դրությամբ, բնականաբար, հստակ ոչինչ չենք կարող ասել, աղյուսակի առաջին հորիզոնականում 38 միավորով «Լեստերի» լինելուց զատ: Իհարկե, երկրորդ-երրորդ տեղերում 33 և 32 միավորով գտնվող «Արսենալի» ու «Մանչեստր Սիթիի» դիրքերին ոչինչ չի սպառնում, բացի ներքին տեղաշարժից:

ԻՍՊԱՆԻԱ
Մինչ հեռավոր Ճապոնիայում ավարտված ակումբային ֆուտբոլի աշխարհի առաջնությունում «Բարսելոնը» արգենտինական «Ռիվեր Փլեյտի» հետ խաղում առանձնապես չհասկացողների համար նորից էր հաստատում իր` մոլորակի թիվ մեկ լինելը, ներքին առաջնությունում պակաս հետաքրքիր զարգացումներ չեղան: Երկրորդ տեղում ընթացող «Աթլետիկոն» բավական անսպասելի պարտություն կրեց «Մալագայից»` 0:1, իսկ «Ռայո Վալեկանոյի» հանդգնությունից չարացած «Ռեալը» ¥մի պահ «արքայականն» անգամ պարտվում էր 1:2 հաշվով¤ այնպես կատաղեց, որ չհանգստացավ, քանի դեռ հանդիպման արդյունքը չէր վերածել խայտառակ 10:2-ի:
«Աթլետիկոն» «Բարսելոնի» պես ունի 35 միավոր (կատալոնցիների ակտիվում մեկ պակաս խաղ կա), երրորդ տեղում գտնվող «Ռեալը» նրանցից երկու միավորի հեռավորության վրա է:


ԳԵՐՄԱՆԻԱ
Չեմպիոնական մրցավազքում մինչ Մյունխենի «Բավարիան» ևս մեկ հաստատուն քայլ կատարեց՝ արտագնայում երեք միավոր վաստակելով (նվազագույն հաշվով հաղթել է «Հանովերին»), Դորտմունդի «Բորուսիան» ընկրկեց «Քյոլնի» հետ հանդիպումում: Ընդ որում, տանտերերի համար հաջողակ է եղել խաղավարտի վերջին ութ րոպեն, որի ժամանակ հաջողվել է նախ հավասարեցնել, ապա առաջ անցնել հաշվի մեջ: Եթե «Բուրուսիայի» համար սա առաջին պարտությունն էր երեք անընդմեջ հաղթանակից հետո, ապա «Քյոլնի» առաջին հաղթանակն էր վերջին հինգ խաղում:
Տուրը հաջող ընթացք ունեցավ նաև «Հերտայի» համար: Տնային խաղում 2:0 հաշվով հաղթանակը նրա դիրքերն ավելի պնդացրեց աղյուսակի երրորդ հորիզոնականում: Առաջատարը 46 միավոր ունեցող «Բավարիան» է: Նրանից ութ միավոր պակաս ունի Դորտմունդի «Բորուսիան», իսկ «Հերտայի» ունեցածը 32 է:


ԻՏԱԼԻԱ
Առաջատար եռյակին «Յուվենտուսի» մոտենալը («Կարպիի» նկատմամբ հաղթանակը՝ 3:2, 7-րդ անընդմեջն էր «Ծեր սինյորայի» համար) որոշակիորեն «ձգել» է մրցակիցներին՝ ստիպելով նույնպես շարժվել վերընթաց գրաֆիկով: Աղյուսակի երկրորդ ու երրորդ հորիզոնականներում գտնվող «Ֆիորենտինան» ու «Նապոլին» նույնպես հաղթական հանդիպումներ ունեցան: Առաջինը տանը 2:0 հաշվով պարտության մատնեց «Կիևոյին», երկրորդը համոզիչ էր «Ատալանտայի» հետ արտագնա խաղում՝ 3:1: Սակայն այս հաղթանակները ոչնչով չազդեցին «Ինտերի» դիրքերի վրա, որը, եթե անգամ տնային խաղում պարտվեր «Լացիոյին» (վերջնահաշվում այդպես էլ եղավ` «Լացիոն» հաղթեց 2:1 հաշվով), դարձյալ մեկ միավորով առաջ կլիներ մերձակա հետապնդողներից:
Ի հավելումն ասենք, որ հաղթական է եղել հինգերորդ տեղում ընթացող «Ռոմայի» հանդիպումը «Ջենովայի» հետ՝ 2:0:

ՖՐԱՆՍԻԱ
«Պարի Սեն Ժերմենը» տոնեց հերթական հաղթանակը՝ 3:0 հաշվով պարտության մատնելով չորրորդ հորիզոնականում գտնվող «Կաննին» և առաջնության առաջին հատվածն ավարտեց վաստակած 51 միավորի դիմաց ընդամենը վեց միավորի կորստով:
Երկրորդ տեղում մնալու համար «Տրուայի» նկատմամբ հաղթանակը «Մոնակոյին» հնարավորություն կտար կախման մեջ չլինել «Սենտ Էտիեն»-«Անժ» դիմակայությունից, սակայն այդ օրը նրա առավելագույնը եղավ միավոր վաստակելը գոլազուրկ հանդիպումում: Փոխարենը շատ ավելի լրջորեն սայթաքեց «Անժը»՝ արտագնայում բաց թողած միակ գնդակով: «Մոնակոյի» անվան դիմաց 32 միավոր է, «Անժի» ունեցածը պակաս է մեկով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 881

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ